Մեսրոպ Մաշտոց



Մեսրոպ Մաշտոց 
(361- 440)


Месроп Маштоц
Մեսրոպ Մաշտոց

    Մեսրոպ Մաշտոցը Հայոց այբուբենի ստեղծողն է, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիրը:
    Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Ծննդյան հավանական տարին՝ 361թ.: Կրթություն է ստացել Ներսես Մեծ հայրապետի՝ Հայաստանում բաց արած օտարալեզու դպրոցներից մեկում՝ տիրապետելով հունարենին, ասորերենին և պարսկերենին:

Ծառայության է անցել Խոսրով Արշակունի հայոց թագավորի արքունիքում՝ որպես արքայատուր հրամանները գրի առնող և զինվորական: Որոշ ժամանակ անց տարվել է քրիստոնեական լուսավորության գաղափարով, փոխադրվել Գողթն գավառ և իրեն նվիրել ճգնության ու քարոզչության: Այդ ընթացքում մտահաղացել է հայոց գիր ստեղծելու նվիրական ծրագիրը: Օտարաքաղ դանիելյան նշանագրերի փորձարկումից հետո, Սահակ Պարթև եպիսկոպոսապետի և Վռամշապուհ թագավորի սատարումով, 405-406թթ. մեջ Եդեսիայում ստեղծել է հայոց այբուբենը:
    Մաշտոցն իր եռանդն ու իմացական հանճարը նվիրաբերել է հայրենի ժողովրդի կրթությանն ու լուսավորությանը՝ դպրոցներ հիմնելով Հայաստանի թե' արևելյան և թե' բյուզանդական բաժիններում: Թարգմանիչ է և հայ ազգային ինքնուրույն մատենագրության սկզբնավորողներից մեկը: Նրան են պատկանում բազմաթիվ հոգևոր երգեր՝ Ապաշխարության կարգի շարականները, որոնք կատարվում են Մեծ պահքի շրջանում:
    Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Թաղվել է Վահան Ամատունի իշխանին պատկանող Օշական գյուղում: Ս. Մեսրոպ եկեղեցում ամփոփված նրա շիրիմը ժողովրդական ուխտավայր է:
    Մաշտոց նշանակում է սրբազան, սուրբ, ծիսական, աղոթագիրք:

    Հայերեն տառերով առաջին նախադասությունը գրեց Մեսրոպ Մաշտոցը՝

"Ճանաչել իմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ"

("Ճանաչել իմաստություն ու խրատ, իմանալ հանճարի խոսքերը"):

 

Մաշտոցի Շարականներից


Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ.
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ.
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն:
Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր:
Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր:
Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր:

Մեղայ Տէր, բազումողորմ Աստուած,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, և անկանիմ առաջի Քո,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, խոստովանիմ զյանցանս իմ,
Մեղայ, ողորմեա:

Ընդ առաւօտս կանխեցից՝
Յանդիման լինել քեզ,
Թագաւոր իմ և աստուած իմ:

Ընդ առաւօտս լուիցես
Ձայնի իմում, տէր.
Թագաւոր իմ և աստուած իմ:

Ես զքեզ աղաչեմ, տէր,
Նայեա յաղօթս իմ,
Թագաւոր իմ և աստուած իմ: